Կառավարությունում նստած ոսկի սարերից են խոսում, իսկ խաղողագործը կրկին մթերման խնդրի առջև է կանգնելու. Սարգսյան
2021-09-04 | Դիտվել է 331 անգամ
Խաղողագործի խնդիրն այս պահի դրությամբ չի լուծվել։ Ամեն տարի, երբ գալիս է սեպտեմբերը, մարդիկ ցայտնոտի մեջ են ընկնում։ Ամեն տարի խաղողի մթերման խնդիրը կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Վերջինս նշում է, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ կոնյակն ու գինին պետք է արտադրվեն հայկական սորտի, Հայաստանում աճեցված խաղողի սորտերից, սակայն Արտակ Սարգսյանի դիտարկմամբ, կան գործարաններ, որոնք խաղող ձեռք չեն բերում։
«Վերահսկողություն չկա, և կոնյակը, գինին որոշ գործարաններ արտադրում են գունավորված, անհայտ ծագում ունեցող սպիրտերով։ Դրա համար էլ այսօր գյուղացու խաղողի կարիքը չունեն։ Բացառությամբ մի քանի գործարանի, որ իրոք խաղող են մթերում, մյուսները լիցենզիան ունեն, պետության բոլոր արտոնություններից օգտվում են, բայց խաղողագործից խաղող չեն գնում։ Եթե մարդուն խաղող պետք չէ, պայմանագիր չի կնքում, խաղողագործի տեղը չգիտի, այդ դեպքում ո՞նց է խմիչքն արտադրում, վաճառում ու հարկային մարմնում էլ շրջանառություն ցույց տալիս, հարկ մուծում, հարստանում, իսկ խաղողագործն ու գյուղացին էլ աղքատանում են։ Ինչպե՞ս հասկանանք»,-նշեց Արտակ Սարգսյանը։
Վերջինս նկատեց՝ գործող իշխանություններն ասում էին, որ նախկինները թալանչի են, ավազակ, բայց արդեն չորրորդ սեզոնն է, ինչ իրենք են իշխանության, ինչու՞ այդ թալանչիներին չեն պատժում, թալանը վերականգնեն, ժողովրդին էլ չաղքատացնեն։ Արտակ Սարգսյանի խոսքով, եթե խաղողի ինքնարժեքը 110 դրամ է, իսկ գործարաններն առաջարկում են 70-100 դրամ, այդ դեպքում խաղողագործը կսնանկանա։
«Հիմա կառավարությունում նստած ոսկի սարերից են խոսում, Էկոնոմիկայի նախարարն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ է անում։ Նրանք միայն հայտարարում են, չեն ուզում իրականության հետ հաշվի նստել։ Գիտեն, որ այսօր գիտակից, մտածող մարդկանց թիվը քչացել է։ Ով ինչ ասաց, ուրեմն դա դոգմա են ընդունում։ Եթե ուզում են՝ խաղողագործը կարողանա խաղողը վաճառել, պետք է Երևանի կոնյակի գործարանի նման անեն։ Նրանք ունեն երկարաժամկետ և տարաժամկետ պայմանագրեր։ Ապրիլ ամսին հայտարարում են գին, քանակ, օր և ժամ, մարդիկ գնում իրենց պայմանագրով խաղողը հանձնում են։ Գումարը կանխիկ են վճարում, բերքահավաքի սեզոնն էլ եվրոպական ստանդարտներով են կազմակերպում, որ խաղողագործը հերթ չկանգնի, իր ապրանքը չփչացնի և անվտանգ իր աճեցրած բերքը հասցնի գործարան»,-ասաց Արտակ Սարգսյանը։
Վերջինս հավելեց՝ եթե կառավարությունում չեն կարողանում հասկանալ և այդ խնդիրը լուծել, ապա կարող են գոնե Երևանի կոնյակի գործարանի օրինակին հետևեն։ Հակառակ դեպքում դեռ քա՞նի տարի խաղողագործը պետք է ճանապարհ փակի, գործարաններում օրերով հերթ կանգնի, որ հետո էլ խաղողը որակազրկեն, փչացնեն ու պահանջեն, որ կես գնով տան։
Արտակ Սարգսյանի խոսքով այս տարի՝ բնակլիմայական պայմաններից ելնելով, անոմալիա տեղի ունեցավ, և բերքն իր ժամանակից շուտ հասունացավ։ Այժմ խաղողի մթերման սկիզբն է, սակայն խաղողագործն առաջարկներ չունի.
«Մատերի վրա կարող եմ հաշվել գործարաններ, որոնք պայմանագրեր ունեն ինչ-որ քանակներով։ Որ գործարան զանգում ես, հեռախոսին չեն պատասխանում, բոլոր դռները փակ են»,-նշեց Արտակ Սարգսյանը։