Վահան Քերոբյանը մոլորության մեջ է․ Խաղողի մթերման գործընթացը սահուն չի լինի․ Գյուղացին չունի պայմանագիր, չկա սահմանված գին
2021-09-03 | Դիտվել է 264 անգամ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է` այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Խաղողագործները հակադարձում են՝ նախարարը իրականությոհնից կտրված է։ Խաղողի մթերման գործընթացը սկսվել է, սակայն գյուղացիների հիմնական մասը որևէ գործարանի հետ պայմանագիր չունի, չկա սահմանված մթերման գին։
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ասաց, որ միայն Երևանի կոնյակի գործարանն է պատշաճ պայմանագրեր կնքել խաղողագործների հետ և գին ու ժամանակացույց սահմանել։ Եվս մի քանի այլ գործարան՝ «Արմենիավայնը», Պռոշյանի գործարանը ունեն պայմանագրեր, սակայն մոտ 30 տոկոսով կրճատել են դրանց քանակը, ցածր գին են սահմանել, մթերման օրեր նշանակված չեն։ Մնացած գործարանները ոչ մի պայմանագիր չունեն խաղողագործների հետ․«Խաղողագործների ոլորտը անտեսված է։ Գյուղացիները մի քանի ճանապարհ փակեցին, մեկ էլ մի պոպուլիստական հայտարարություն եղավ։ Խաղողագործների մասին մտածողները հայտարարություն են անում հունվարին, ոչ թե սեզոնին, որ գյուղացին ճարահատյալ քայլերի է դիմում։ Բա որ Քերոբյանն այդքան վստահ հայտարարում է, որ մթերման հետ կապված խնդիր չի առաջանա, բա թող գա ու խաղողագործի ու մթերող կազմակերպության մի պայմանագիր ցույց տա։ Խաղողագործները պայմանագիր չունեն։ Մարդիկ վարկ են վերցրել, մշակել են, բերքը հասցրել են հասունացման, բայց շվարած կանգնած են, չգիտեն ում վաճառել։ Բոլոր խնդիրները հենց այստեղից են սկսում։ Իրենց ոչ կոմպետենտ վարքագծի պատճառով խաղողագործությունը Հայաստանում կվերանա»,-ասաց Սարգսյանը։
Խաղողագործների միության նախագահի խոսքով՝ Հայաստանում 89 ընկերություն կա, որը զբաղվում է գինու, կոնյակի, օղու արտադրությամբ, սակայն դրանցից ոչ մեկ պատրաստակամ չէ գյուղացիների առաջ դուռ բացել, մթերում իրականացնել։ Իսկ դա գալիս է նրանից, որ, ըստ Սարգսյանի, այդ ընկերությունները իրենց արտադրությունը կազմակերպում են ներկրված սպիրտով, ոչ թե խաղողի իսկական հումքով․«Բոլոր խնդիրների պատճառը գալիս է այստեղից։ Բա այդքան մտահոգ են խաղողագործության ոլորտի խնդիրներով թող մի հատ բացեն ու հարկայինով նայեն՝ այդ ընկերությունները ինչքան հարկ են մուծել, ինչքան արտադրանք են տվել, ինչքան պիտակ են փակցրել իրենց արտադրանքի վրա ու նրանց հարց տան՝ որտեղից իրենց այդ արտադրանքի հումքը, եթե գյուղացին գոռում-ճչում է, որ իր խաղողը մթերեն, որ սոված չմեռնի, եթե գյուղացին ճանապարհ է փակում ու վերջում ճարահատյալ տանում է ու իր բերքը շուռ տալիս ճամփեզրին, ինչու դրանից հետո ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե այդ գործարանները ոնց են այդքան արտադրանք թողարկում, հզորանում։ Թող այդ հարցերին պատասխանեն, նոր խոսեն ոլորտի զարգացման, մթերման գործընթացը սահուն կազմակերպելու մասին»,-ասաց Սարգսյանը։
Խաղողագործների միության նախագահն ասաց, որ այս պահի դրությամբ խնդիր կա։ Խաղող կա, բայց խաղողի գնորդ, գին, պայամնագիր չկա։ Ըստ Սարգսյանի՝ այս սեզոնին մթերման օպտիմալ գինը այս տարվա գնաճի համեմատ պետք է լինի 250-270 դրամ․«Միայն այս գնի դեքում խաղողագործը կկարողանա ապրել, իր այգին մեծացնել ու ցանկություն ունենալ այս գործով զբաղվել»,-եզրափակեց Սարգսյանը։