Մենք պետության վերահսկողություն չունենք․

2020-09-01 | Դիտվել է 435 անգամ

Գինեգործները վերամշակող կազմակերպությունների հետ միասին տարեսկզբին մարդկանց հայտնեցին, որ խաղողի գինն աննախադեպ բարձր է և այսօր առաջարկում են 130-ից 135 դրամ: Ինքնարժեքից 10 դրամ ավել գին է առաջարկվել, որը այսօր խաղողագործի համար անընդունելի է. Tert.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

«Ով է տեսել, որ բերքը շատ է, որ մի խաղողագործն է դա հայտարարել, կամ որտե՞ղ են դա կշռել գրանտակեր գինեգործնե՞րն են ասել, թե՞ միլիարդատեր վերամշակող ձեռնարկությունները: Ուղղակի իրենց պետք է, որ այս տարի խաղողը շատ լիներ, սկսեցին ամեն օր կաթացնել, որ խաղողը աննախադեպ շատ է: Մարդը աշխատում է, որ կարողանա բարիք ստեղծի, օգտվի և ընտանիք պահի, բայց իր երկրում արտադրած բարիքը չի կարողանում վաճառել այն գնով, որ գոնե մինիմալ զամբյուղը ապահովվելու հնարավորություն ունենա: Հասկանում ենք, թե ինչ մանիպուլյացիաների են գնում»:

Արտակ Սարգսյանը նշում է, որ առևտրի համաշխարհային մակարդակով արտադրողն է գին առաջարկում, իսկ այստեղ գնողներն են գինը առաջարկում, ինչը սխալ է.

«Իսկ այս ամենի հիմքում այն է, որ մենք պետության մեջ չունենք վերահսկողություն: Խաղողի մթերվող քանակներն ամեն տարի թավշյա հեղափոխություն ասվածից, իշխանափոխությունից հետո կեղծվեցին , խնդիրը այդտեղից է գալիս և այսօր խաղողագործի հետ հաշվի նստող չկա: Եթե մենք կարողանայինք իրական մթերվող խաղողի գինը պաշտոնապես արձանագրեինք, կտեսնեինք՝ ինչ մրցակցություն կլիներ: Ոչ թե եռակի- քառակի անգամ կեղծելով իրական մթերվող խաղողի քանակները՝ մենք ստվեր ստեղծենք անհայտ ծագում ունեցող սպիրտները օրինականացնելու համար»:

Միության նախագահը նշում է, որ գինեգործներն այսօր առևտրով կարողանում են մեծ շրջանառություն կազմակերպել և իրենց կազմակերպությունները հարստացնել, իսկ խաղող արտադրողը պետության կողմից անտեսված և ոտնահարված է:

«Հարգելի իշխանութուն, որ այսօր ժողովրդի ուսերին եկաք բազմեցիք և հիմա միայն պարգևավճարնե եք ստանում, չե՞ք մտածում՝ ոնց ապրեն մարդիկ, պետք է սուբսիդավորվող ծրագեր իրականացնեն, եթե գործարանատերը ֆորս մաժորի մեջ է հայտնվել և չի կարողանում այդ գնով գնել, պետությունը պարտավոր է քայլեր անել և խաղողի գինը սուբսիդավորել, եթե վերամշակողը կարողանում է 130 դրամ տալ, թող 50 դրամ էլ պետությունը սուբսիադավորի և 180 դրամ, և խաղողագործությունը զարգանա, ոչ թե գնա վերացման»:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից առաջարկված միջոցառումներին, Արտակ Սարգսյանը նշեց, որ այդ օգնությունից օգտվում են գործարանատերերը, գումար են վերցնում և ներդրում անում, կատարելագործում արտադրությունը.

«Հարցը նրանում է, որ գործարանատիրոջը չպետք է այդ գումարը տան․ էպիդեմիայի պայմաններում գործարանը պարտավոր է ինչքան կարողանում է գնել և պետությունը գինը սուբսիդավորի և դա կլինի հասցեական և ժողովրդին օգնելու միջոց: Ոչ թե բանկերի ստվերային ինչ-որ գործողություններ»:  

Tert.am