Երևանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի մթերումը

2016-09-09 | Դիտվել է 1322 անգամ

Գործարանը սեպտեմբերի 15-ին սկսում է խաղողի մթերումը, կիլոգրամը` 130 դրամով:
Այս ֆորմատով առաջին անգամ: Երևանի կոնյակի գործարանի առաջին դեմքը կլոր սեղանի շուրջ պատասխանում է լրագրողների հարցերին, ներկայացնում տարվա ձեռքբերումներն ու պատմում հայկական կոնյակագործության զարգացման նախագծերի մասին:
Երևանի կոնյակի գործարանը ֆինանսական տարին ամփոփել է: Շահույթը մոտ 2 անգամ կրճատվել է, բայց մեկ պատճառով` աշխարհում փոխվել են կոնյակագործության զարգացման պայմանները, մարտահրավերները և սպառողների նախասիրությունն ու գնողունակությունը: Այդուհանդերձ` Արարատը պահպանում է իր իմիջը, հեղինակությունն և դիրքը միջազգային շուկաներում: Ռուսաստանում Արարատը 5 ամենավաճառվող կոնյակներից մեկն է համարվում համապատասխան գնային սեգմենտում:
Երևանի կոնյակի գործարանը արդեն պատրաստվում է խաղողի նոր մթերումներին: Արմավիրում դրանք կսկսվեն սեպտեմբերին 15-ից: Գործարանը 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնելու 32 հազար տոննա խաղող գնելու համար: Գնման գինը`կլինի կիլոգրամը անցած տարվա համեմատ 20 դրամով ցածր` 130 դրամ, այնքան, որքան խաղողագործների հետ երկարաժամկետ պայմանագրերում է ֆիքսված: Խաղողագործներին վճարումները կկատարվեն առավելագույնը 4 օրվա ընթացքում:
Երևանի կոնյակի գործարանը այս տարի նաև Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի խաղողը կմթերի: Սոցիալական պատասխանատվության հարց է: Գործարանի Բերդի մասնաճյուղը կընդունի այնքան խաղող, որքան կառաջարկեն սահմանամերձ համայնքները: Երևանի կոնյակի գործարանը այս տարվանից ավելի է ընդլայնելու արտահանման աշխարհագրությունը: Ակտիվացնելու է վաճառքները ամերիկյան շուկայում:
Չնայած տեղական ու համաշխարհային սպառողական շուկաների նոր պայմաններին, Երևաի կոնյակի գործարանը հավատարիմ է իր ավանդույթներին ու նախագծերին: Անցած տարի արտադրեց 30-տարեկան Էրեբունի կոնյակը: Իսկ այս տարի Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ թողարկել է հատուկ Արարատ:
Արարատ բրենդը հյուրընկալության, Հայաստանի հարուստ պատմամշակութային բրենդն է: Միայն Գործարանի թանգարանում ամեն տարի 40 հազար այցելու է լինում: Գործարանը նաև աջակցում է արտասահմանյան նախագծերին: Վերջերս Մոսկվայում Տրետյակովյան ցուցասրահում Երևանի կյոնյակի գործարանի աջակցությամբ բացվեց Այվազովսկու ցուցահանդեսը: Առաջին անգամ հայկական կոնյակագործության պատմության մեջ Հայաստանն այս տարի ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի մրցույթում` Երևանի Կոնյակի գործարանի շնորհիվ: Հեղինակավոր միջոցառմանը Արարատ կոնյակները անմիջապես աչքի են ընկել և նվաճել ոսկե մեդալ: