Ինչո՞ւ են խաղողագործներն ամեն տարի նույն խնդիրը բարձրաձայնում

2016-06-08 | Դիտվել է 790 անգամ

Խաղողագործները նորից բողոքում են չվճարված պարտքերից: Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, մթերված խաղողի դիմաց 2,5 մլրդ. դրամի պարտք է կուտակվել դեռ նախորդ տարվանից՝ տեղեկացրեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ դժգոհելով ոլորտի բարձիթողի վիճակից: Խնդիրը, ըստ նրա, սկսվում է արտադրող-մթերող խզված կապից ու առանց պայմանագիր փոխգործակցելուց: Գյուղացին ահռելի ներդրումներ է անում, խաղող աճեցնում՝ հույսը դնելով իրացման մասին վերամշակող ընկերությունների բանավոր խոստման վրա: Իսկ մթերման սեզոնին բանավոր խոսքը որեւէ պարտավորության առաջ չի կանգնեցնում կողմերից եւ ոչ մեկին: Մթերող կողմն իր համար օբյեկտիվ պատճառներով հրաժարվում է խաղողն ընդունել, իսկ արտադրողը, ապրանքի «ձեռքը կրակն ընկած», դիմում է բողոքի ծայրահեղ միջոցների: Խաղողագործների միության նախագահի կարծիքով՝ վերամշակող ընկերությունները հրաժարվում են բերքն ընդունել, որովհետեւ իրենք էլ պատրաստի արտադրանքի իրացման խնդիրների առաջ են կանգնում: «Բայց այստեղ կա նաեւ սուբյեկտիվ պատճառ: Օրինակ, երբ պատրաստի արտադրանքի՝ գինու, կոնյակի, լիկյորի նկատմամբ չկա պետական վերահսկողություն, ուստի շուկայում թելադրող է դառնում տարբեր տեսակի սպիրտների եւ կոնցենտրատների միջոցով արտադրված վատորակ ու էժան ապրանքը: Իսկ խաղողի մաքուր հումքից ստացած գինին ու կոնյակը, որոնց ինքնարժեքն արդեն իսկ բարձր է, մրցակցությունից դուրս են մղվում: Վերամշակող ընկերություններն էլ, որպեսզի շուկայում իրենց գերակա դիրքը պահպանեն, բնական հումք գնելու փոխարեն նախընտրում են էժան ու մրցակցային սինթետիկ սպիրտը: Այստեղից էլ առաջանում է արտադրող-մթերող անջրպետը, որը, դժբախտաբար, տարեցտարի էլ ավելի է խորանում»: Որպեսզի վերամշակող ընկերություններն իրացման խնդրի պատճառով չհրաժարվեն խաղող մթերելուց, միության նախագահը կառավարությանն առաջարկում է սուբսիդավորել մթերող կազմակերպություններին: «Այդ քայլով ոչ միայն կնպաստի արտադրող-մթերող կապի սերտացմանն ու մթերողին շահույթ ունենալու հնարավորություն կտա, այլեւ պետությունն ինքը երկու տարի անց կրկնակի օգուտ կունենա վերամշակող ձեռնարկություններից»: Արտակ Սարգսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում կոնյակի, գինու եւ լիկյորի արտադրությամբ զբաղվող 89 ձեռնարկություն կա: «Չնայած այդ 89-ն էլ լիցենզիա ունեն, բայց խաղող են մթերում դրանցից 8-10-ը միայն: Հարց չի՞ առաջանում՝ եթե խաղող չեն ընդունում, կոնյակն ու գինին ի՞նչ հումքով են արտադրում»: Ըստ մեր զրուցակցի՝ մթերող կազմակերպությունները դժվարությամբ են ընդունում նաեւ արենի տեսակի խաղողը, որից Հայաստանում ընդամենը 2.300-2.500 տոննա է աճեցվում: «Բայց արի ու տես, որ բոլոր կոնյակ, գինի արտադրողներն «Արենի» ապրանքանիշի գինի ունեն: Հասկանալի չէ՞, որ գինու լավագույն այդ տեսակը եւս կեղծվում է, եւ սպառողը բարձրորակ գինու փոխարեն գնում է գունավորված սպիրտով գինի»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am