«Հավատացինք գյուղնախարարին, բայց, ինչպես միշտ, նա տվեց անցավ փչան Թոդորոսին»:
2015-09-25 | Դիտվել է 754 անգամ
Այսօր` սեպտեմբերի 25-ին, Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին փակել էին ավտոճանապարհը: Նրանք պնդում էին, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իրենց խոստացել որ, որ «մի ճութ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի», բայց արդյունքն այլ է: «Հավատացինք գյուղնախարարին, բայց, ինչպես միշտ, նա տվեց անցավ փչան Թոդորոսին»:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ այս խնդրին է անդրադարձել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախարարը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից և ընթացքի մեջ են:
«Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքներն սկսված են: Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով՝ գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Պետք է ասել նաև, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Այսօրվա դրությամբ՝ մթերվել է 80 հազար տոննա խաղող, անցյալ տարվանից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է և ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել՝ 30%-ով: Մենք 15-20% կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: Անցյալ տարի մթերվել է 181 հազար տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Առաջարկն ավելի է, քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»,- ասել է գյուղատնտեսության նախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ խնդրել է իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և նշել, որ եթե հարց լինի՝ իրենք պատրաստ են աջակցել:
