Բավական է խաղողի մթերման քանակն ամեն տարի կեղծեք, անօրինական սպի՞րտն եք օրինականացնում, գյուղացին էլ մնում է չքավոր

2020-09-06 | Դիտվել է 113 անգամ

Խաղողի մթերման հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել գյուղացիներին, խաղող արտադրողներին։ Մթերման ցածր գինը գյուղացիներին ձեռք չի տալիս։ Ասում են՝ ամբողջ տարին չարչարվում ենք, որ վերջում փաստի առաջ կանգնենք։ Մի քանի օր է՝ Արարատի, Արմավիրի մարզերում խաղողագործները բողոքի ցույցեր են անում, ճանապարհ փակում։
 
Նախօրեին Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում խաղողագործների հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մթերման գնի ու քանակի շուրջ։ Քննարկումից հետո Արարատի մարզպետը տեղեկացրել է, որ խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են՝ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես չեն ունենա:
 
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նշեց՝ խաղողագործությունը Հայաստանում կզարգանա այն դեպքում, երբ խաղողագործի ու մթերող ձեռնարկության միջև լինեն պայմանագրային ֆիքսված պարտավորություններ, հստակ գին։ Այսօրվա դրությամբ խաղողագործների հետ պայմանագրով աշխատում է միայն Երևանի կոնյակի գործարանը, որը նախապես հայտարարում է խաղողի մթերման գինը։
 
«Այս օրինակը չի տարածվում մյուս մթերող ընկերությունների վրա։ Գոնե բերքահավաքից առաջ ֆիքսեն պայմանները։
 
Ամեն տարի խաղողագործները կանգնում են այդ խնդրի առաջ։ Թվում է՝ պրիմիտիվ է, բայց սա է իրավիճակը բարդացնում։ Մարդիկ պետք է իրենց լիարժեք ապահովված զգան, որ իմանան, թե ինչքանով է իրացվելու իր բերքը։
 
Կառավարությունը, հիմնադրամը ասում են՝ մենք այս կամ այն ծրագրերն ենք իրականացնում, բայց հարց՝ ի՞նչ եք անում, որ այս բացը չեք կարող լուծել։ Թե՛ նախորդ, թե՛ այն իշխանությունների ժամանակ ամպագոռգոռ խոստումներ են անում, ոսկի սարեր խոստանում, բայց գալիս են բազմում աթոռներին ու մոռանում՝ ինչի համար են եկել։ Մթերող ընկերությունները ասում են՝ էպիդեմիա է, առևտուր չկա, գինը ցածր է։ Անտեղի, անհիմն պատճառաբանություններով ուզում են խաղողագործներին կեղեքել»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը։
 
Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ խաղողը մթերելու է 155 դրամով, 5 դրամով ավելի, քան նախորդ տարի։ Մյուս ձեռնարկությունները 130-135 դրամ են առաջարկում, որը գրեթե խաղողի ինքնարժեքն է։ «Բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացած գործարանները պայմանագիր չեն կնքել խաղողագործների հետ, հստակ գին չեն ասել։ Առաջարկում են 135 դրամ, դրանից էլ խնդիր է առաջացել։ Խաղողի ինքնարժեքը 100-110 դրամ է, ի՞նչ անի գյուղացին, ինչո՞վ են մտածում, ես զարմանում եմ»,- վրդովմունք հայտնեց միության նախագահը։
 
Նրա վստահեցմամբ՝ մարդիկ գրասենյակներում նստած որոշում են ու հայտարարում, որ այս տարի խաղողի բերքը աննախադեպ շատ է, դրանից էլ կախված է գնի նվազումը։ «Հիմա հասել է բերքահավաքի շրջանը, ասում են՝ խաղողը աննախադեպ շատ է, մանիպուլյացիաներ են անում, որ գյուղացուց ինքնարժեքով խլեն խաղողը։ Դուք խաղողագործին տեսե՞լ եք, այգի գնացե՞լ եք, որ գիտեք՝ բերքը ինչքան է։ Մարդիկ իրենց օֆիսներում նստած որոշում են՝ շատ է, թե քիչ։
 
Մանիպուլյացիա են անում, որ ինքնարժեքով խաղողը տանեն գյուղացու ձեռքից։ Խաղողագործն ուզում է, որ ամբողջ տարվա իր բարիքը նորմալ գնով իրացնի։ Իսկ իրենք հարամում են։ Կառավարությունը պետք է աջակցի գյուղացուն, օգտակար լինի։ Պետությունը պետք է սուբսիդավորի անձամբ գյուղացուն, ոչ թե բանկերին։ Բանկերի սուբսիդավորումը գյուղացուն օգուտ չի բերում։ Տարիներով մտել են այդ խաղի մեջ, չեն ուզում դուրս գալ, բանկը մարդկանց օգուտ չի բերում, հասկացեք վերջապես»,- շեշտեց Արտակ Սարգսյանը։ Սարգսյանի խոսքերով՝ այս տարի ունենք միջինից բարձր խաղողի բերք, սակայն ոչ աննախադեպ։
 
Հարցին՝ ինչպե՞ս կարող է պետությունը օգնել վերամշակող ընկերությանն ու խաղողագործին։ Այս հարցից հետո միության նախագահը բարձրաձայնեց մեկ կարևոր խնդրի մասին, որն, ըստ իրեն, մեծ ազդեցություն է ունենում այս լարված իրավիճակի ստեղծման վրա։ «Սա արհեստական խնդիր է՝ տարիներով ստեղծված։ Հարգելի կառավարություն, ինչի՞ եք խաղողի մթերման քանակն ամեն տարի կեղծում։ Ե՞րբ պետք է վերջ տաք, ասում եք՝ նախկինները սենց են, նենց են, ինչո՞ւ վերջ չեք տալիս։ Խաղողի մթերման երրորդ սեզոնն է՝ նույն բանն են անում, անօրինական սպի՞րտն են օրինականացնում, թե՞ տնտեսական ցուցանիշներ են ցույց տալիս։ Գյուղացին իր հավատն է կորցնում, ուշքի եկեք։
 
Եթե, օրինակ, 10 կիլոգրամ խաղող է մթերվել, գրում են՝ 47 կիլոգրամ, ինչո՞ւ, ինչի՞ համար։ Բավական է հայկական խաղողի անվան տակ այլ խմիչքների արտադրություն իրականացնեք ու հարստանաք, գյուղացին էլ մնա չքավոր, լոգիկան ո՞րտեղ է»,- իր խոսքը եզրափակեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։