Խաղողի մթերման ծավալները եռապատկված նկարվել են. Այս տարի նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով պակաս բերք է եղել

2019-10-12 | Դիտվել է 221 անգամ

«Խաղողի մթերման սեզոնը եզրափակվում է առանց աղմուկ-աղաղակի, քանի որ այս տարի աննախադեպ քիչ բերք կար։ Իսկ կառավարությանը ներկայացված մթերման թվերը նկարված են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը։
 
 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ուրախությամբ արձանագրեց, որ խաղողի մթերման սեզոնը եզրափակվում է, և ոչ մի աղմուկ-աղաղակի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Վարչապետն ասաց, որ սա հիշարժան հանգամանք է, և նշեց, որ չի հիշում դեպք, երբ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանար:
 
«Ես շնորհավորում եմ բոլորիս, և կարևոր է արձանագրել, որ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է, ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք: Հույս ունեմ՝ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը և նշեց, որ դա դրական արդյունք է:
 
 
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ կառավարությանը ներկայացրեց, որ մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համեմատ։ Այդուհանդերձ, նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, դեռ պետք է ճշգրտվեն, քանի որ դեռևս սպասվում է գինու խաղողի մթերում։
 
«Այսինքն՝ կառավարության նախնական հաշվարկներով՝ այս տարի 165 հազար տոննա խաղող է մթերվելու։ Բայց ես ձեզ հիասթափեցնեմ՝ Հայաստանում այդքան բերք չկա անգամ։ Մենք այդքան խաղող չենք ունեցել։ Ես խաղողի մթերման սեզոնի սկսվելուց մոտ 20 օր առաջ իմ ասուլիսում նշեցի, որ 2019 թվականի խաղողի բերքը 2018 թվականի իրական բերքից 40 տոկոսով պակաս է։ Բերքահավաքի այս սեզոնին տեղեր են եղել, որ 50-55 տոկոս պակաս է եղել։ Անցած տարի մթերվել էր 135 հազար տոննա։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այս տարի ավելի պակաս բերքով հանդերձ՝ մենք մթերել ենք ավելի շատ՝ 160-165 հազար տոննա։ Խաղողի մթերման ծավալների թիվը եռապատկված նկարվել է։ Մեր հիմնական պրոբլեմն այստեղ է. եթե մենք իրապես խնդրին լուծում տանք, ապա 2-3 տարվա մեջ խաղողագործությունը կզարգանա, կծաղկի»,- ընդգծեց Սարգսյանը։
 
Ի դեպ, կառավարության նիստի ժամանակ վարչապետը ևս անդրադարձել էր այս կեղծիքին։ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, որ խաղողի մթերումների և ընդհանրապես ներկայացվող վիճակագրությունն այնքան էլ իրական չէ: «Դա որոշակիորեն կապված է նախկինում եղած մեխանիզմների հետ: Մեր վիճակագրության մեթոդաբանության աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք ունենք տանելու»,- ասել էր վարչապետը։
 
Խաղողագործների միության նախագահը գիտի, թե ինչու են կեղծվում մթերման ծավալները, վիճակագրությունը։ Նրա խոսքով՝ դա արվում է ներկրված կեղծ սպիրտը օրինականացնելու համար։ Հայտնի է, որ հայաստանյան մի շարք գործարաններ կոնյակ են շշալցնում ոչ թե տեղական հումքից, այլ ներկրված սպիրտը Հայաստանում բացում են և դարձնելով կոնյակ՝ շշալցնում և արտահանում են տեղական հումքով պատրաստված կոնյակի անվան տակ։ «Այդ կեղծիքը, որը հիմնականում արվում է մթերողների կողմից, կատարվում է ներկրված կեղծ սպիրտը օրինականացնելու համար, ավելացված արժեքի հարկից ազատվելու համար, արտոնություններից օգտվելու, վարկեր ստանալու համար։ Իրենք պետք է ցույց տան, որ խաղող են մթերել, այդ տեղեկանքը տանեն դնեն ՊԵԿ-ի իրենց պապկայի մեջ, իսկ իրականում կեղծ սպիրտով կոնյակ արտադրեն, հարստանան, իսկ խաղողագործն էլ հողի հետ կռիվ տալով տառապի, մեռնի»,- ընդգծեց Սարգսյանը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ խաղողագործությունն այս տեմպերով ոչ թե զարգանում է, այլ կործանվում է։ «Խաղողագործը արդեն կորցրել է իր հավատը։ Ինքնարժեքը շատ բարձր է, և խաղողագործի մաքուր եկամուտը կոպեկներ է՝ 30-35 դրամ։ Խաղողագործը միշտ իր աշխատածից դժգոհ է մնում, և դրա պատճառն այն է, որ ամեն ինչ կեղծվում է։ Եթե ամեն ինչ նորմալ, մաքուր ու արդար լինի, խաղողագործը խաղողը մթերելուց հետո չի գնա բանկ՝ նոր վարկ վերցնի»,- ասաց Սարգսյանը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ կառավարությունը ցանկություն չունի ոլորտը զարգացնելու։ Համենայնդեպս, իրենք մինչ օրս որևէ ազդակ չեն ստացել, որևէ անգամ խաղողագործների հետ հանդիպում չի եղել: «Խաղողագործների հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չկա։ Բոլոր դռները փակ են, քանի որ իրենք՝ մթերողները, ունեն մեծ արտադրություններ, խաղողի հողատարածքներ»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարության անտարբերությունը նկատվում է նաև այնտեղ, որ այս տարի բերքը լուրջ վարակ է ունեցել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել, ոչ էլ խաղողագործները զգուշացվել են: «Ո՛չ գերատեսչություն կա, ո՛չ որևէ այլ կառույց, որ մեզ զգուշացնեն, ասեն՝ ինչ անենք։ Բա այս կերպ խաղողագործությո՞ւն են զարգացնում»,- զարմացած եզրափակեց «Խաղողագործների միություն» ՀԿ նախագահը։