«Ճիշտ չէ խաղողի մթերման գին որոշել միայն Երևանի կոնյակի գործարանով, դրանից բացի՝ կան 89 մթերող ընկերություններ»

2019-04-07 | Դիտվել է 307 անգամ

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի կոնյակի գործարանն արդեն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավելի խաղող մթերել. «Նախորդ տարվա համեմատ՝ 10 դրամ ավելի մթերման գնով»,- գրել էր վարչապետը՝ հղում անելով Երևանի կոնյակի գործարանի համապատասխան հաղորդագրությանը:


Հայաստանի խաղողագործների միությունում Փաշինյանի այս հայտարարությունն այդքան էլ ոգևորությամբ չեն ընդունել, քանի որ Երևանի կոնյակի գործարանն իր շահառուների հետ միշտ էլ լավ պայմաններով է աշխատել։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ, բացի Երևանի կոնյակի գործարանից, կան 89 ձեռնարկություններ, որոնք լիցենզիա ունեն և զբաղվում են խաղողի վերամշակմամբ։


Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խաղողագործության ոլորտի խնդիրներին և մթերման գներին՝ նշեց, որ նախորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողը մթերել է 140 դրամով, այս տարի 10 դրամ բարձրացրել է, ինչը ողջունելի է։


«Սակայն այս հարցին պետք է ավելի լայն ֆորմատով մոտենանք, միայն Երևանի կոնյակի գործարանը չէ, որ խաղող է մթերում, Հայաստանում կան 89 ձեռնարկություններ, որոնք լիցենզիա ունեն և զբաղվում են խաղողի վերամշակմամբ։ Ճիշտ չեմ համարում գին որոշել միայն Երևանի կոնյակի գործարանով, քանի որ այդ գործարանը միշտ խաղողագործի կողքին է եղել, եվրոպական սիստեմով է աշխատում, ու բոլորն էլ ձգտում են այնտեղ պայմանագրեր ունենալ։ Գործարանն իր հնարավորության սահմաններում պայմանագրեր է կնքել՝ երկարատև ու կարճատև»,- ասաց Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի խաղողը մթերվել է 130-150 դրամով, իսկ գինու սորտերի համար առաջարկվել է ավելի բարձր գին, քանի որ այդ սորտերը քիչ են։ «Չորս տարի առաջ խաղողի մթերման գինը եղել է 150 դրամ, մենք 4 տարվա գնային աճի, թանկացումների հետ՝ խաղողագործության ոլորտում ունենք հետընթաց, քանի որ այդ տարիների ընթացքում կյանքը թանկացել է, իսկ մենք նոր-նոր հասնում ենք 2015 թվականի գնին։ Սա ոչ թե գնի բարձրացում է լինում, այլ տեղում դոփել՝ հաշվի առնելով չորս տարիները։


Մեր կառավարությունը հայտարարում է, որ այգեգործության համար տրամադրում է 2 տոկոսանոց վարկեր, սահմանամերձ շրջաններում՝ 0 տոկոսով, և այլն, բայց դա միայն ասվում է։ Դուք գիտե՞ք, թե խաղողագործը ֆինանսական ինչպիսի ծանր վիճակում է գտնվում, որևէ մեկն այդ ծրագրերից չի օգտվում, քանի որ ունեն բանկային անդունդային պատմություն։ Այսօր խաղողագործն ունի օրվա հացի խնդիր, չունի վարկ վերցնելու հնարավորություն։ Ասում են՝ եթե կաթիլային ոռոգման համակարգի համար վարկ վերցնենք 2 տոկոսով, կտանք, բայց դրա համար ջրամբար է պետք, որ ջուրը ֆիլտրացվի, հավաքվի։ Հակակարկտային ցանցը 1 հեկտարի համար կազմում է 3,5-5 մլն դրամ, իսկ խաղողագործն այդ հնարավորությունը չունի։


Այդքան ասում ենք՝ սորտափոխանակության խնդիր ունենք, որևէ մեկը մեզ չի առաջարկում տնկանյութ, միայն ասում են՝ ասելու համար։ Այսօր խաղողագործները չունեն պետության աջակցությունը, պետությունը խաղողագործի հետ հաշվի չի նստել, քննարկում չի արել, խաղողագործի խնդիրները խորքային ձևով չեն ուսումնասիրել։ Եթե խաղողագործները չունեն երկարաժամկետ, փոխշահավետ պարտավորություններ, էլ ի՞նչ խաղող մշակեն։ Եթե երեք հոգի ունեն պայմանագիր, հինգ հոգի չունեն, սա չի նշանակում, որ դրանով խաղողագործության խնդիրները լուծվեցին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև հավելեց, որ խաղողագործին տրվող վարկերը պետք է սուբսիդավորվեն, որպեսզի առաջընթաց լինի, մարդիկ նոր այգիներ հիմնեն։ Դրանից զատ, պետք է պայմանագրեր լինեն։


«Կաբինետներից մարդիկ դուրս չեն գալիս, նույն կադրերը, որոնք տարիներ շարունակ գրել ու ջնջել են, այսօր նորից շարունակում են, ի՞նչն է փոխվել։ Այսօր խաղողագործության մեջ մենք ունենք ֆիլոքսերիա հիվանդությունը, որը տարածված է ամբողջ հանրապետությունում, դրա մասին արդեն երկու տարի տեղյակ են, բայց ոչինչ չեն անում, չգիտե՞ն։ Այսօր գյուղացի-կառավարություն շփում չկա, միայն ԱԺ-ում նստած «կնոպկա» են սեղմում»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։
Ըստ նրա, նախորդ տարի խաղողի բերքը եղել է 60-70 հազար տոննա, սակայն պաշտոնական վիճակագրական ծառայության տվյալներով՝ ներկայացվել է 170 հազար տոննա, ինչն աբսուրդ է։ Եթե այս տարի եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա խաղողի բերքը կրկին կլինի 60-70 հազար տոննա, գուցե ավելին։
Այդուհանդերձ, Արտակ Սարգսյանը չհերքեց, որ 2015 թվականից մինչ օրս խաղողագործությունն անկում է ապրում։

Զվարթ Խաչատրյան
 

https://168.am/2019/04/07/1105408.html?fbclid=IwAR3wACDPB25XjK54Tac13gXqmdTXT8x4Oqcs8VoKLGGSuYWj-n9crWAbYwM